Բոլորիս հայտնի վերջին իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետությունը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը: Մի խումբ հայ երիտասարդների կողմից Հունգարիայի հյուպատոսական հաստատության մոտ կազմակերպվեց բողոքի ակցիա, որի ընթացքում այրվեց և անարգվեց հունգարական դրոշը:
Իսկ ի՞նչ են ենթադրում դիվանագիտական հարաբերությունները և ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել դրանց կասեցումը կամ խզումը:
Այն երկրներում, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվում են Հայաստանի Հանրապետության դեսպանություններ: Համապատասխան օտարերկրյա պետության դեսպանություններ ստեղծվում են նաև Հայաստանի Հանրապետությունում:
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ խզվում կամ կասեցվում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները:
Նման դեպքերում լուծարվում են նշված պետություններում գտնվող դեսպանությունները և հետ են կանչվում դեսպանները:
Պետք է նկատի ունենալ սակայն, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը կամ կասեցումը որևէ կերպ չի սահմանափակում մասնավոր անձանց իրավունքները. հայերը շարունակում են մեկնել Թուրքիա` չնայած նրան, որ տվյալ պետության հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ:
Իսկ արդյո՞ք դիվանագիտական հարաբերությունների խզումը կամ կասեցումը հիմք կարող է հանդիսանալ տվյալ պետության խորհրդանիշերն անարգելու համար:
Պետությունների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական փաստաթուղթը «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի 1961թ. կոնվենցիան է, որի 45-րդ հոդվածում ամրագրված է, որ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման կամ ներկայացուցչության վերջնական կամ ժամանակավոր հետկանչի դեպքում նստավայր պետությունը պարտավոր է անգամ զինված հակամարտության դեպքում հարգել եւ պահպանել ներկայացուցչության շենքերը դրա գույքով եւ արխիվներով հանդերձ, հավատարմագրող պետությունը կարող է իր ներկայացուցչության շենքերի, գույքի եւ արխիվների պահպանությանը վստահել երրորդ պետությանը, որն ընդունելի է նստավայր պետության համար, հավատարմագրող պետությունը կարող է իր եւ իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել այն երրորդ պետությանը, որն ընդունելի է նստավայր պետության համար:
Վերը նշված հոդվածի տառացի մեկնաբանությունից ստացվում է, դիվանագիտական ներկայացուցչության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որն իր մեջ վիրավորանք և անարգանք է պարունակում, չի կարող իրականացվել:
Իսկ արդյո՞ք օտարերկրյա պետության խորհրդանիշերն անարգելը վերը նշված հոդվածի իմաստով, արգելված չէ:
ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական խորհրդանիշերն անարգելու համար:
Հոդվածում մասնավորապես ասվում է` Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը, պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ինչպես տեսնում ենք, ՀՀ քրեական օրենսգիրքը ևս նախատեսում է պատասխանատվություն օտարերկրյա պետության խորհրադանիշերն անարգելու համար: Իսկ այլ պետության դրոշը գետնին գցելը, տրորելն ու այրելը միանշանակ պետք է որակել որպես անարգանք:
Այսպիսով, օրեր առաջ Հունգարիայի հյուպատոսական հաստատության շենքի դիմաց իրականացված բողոքի ակցիան օրինական էր, սակայն դրա ընթացքում այլ պետության` տվյալ դեպքում Հունգարիայի պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը գետնին գցելը, տրորելն ու այրելը` օրենքի խախտում:
Աղբյուրը` Իրավաբան.net