Իրավագիտակացության ցածր մակարդակը կարող է արտահայտվել բազմաթիվ ձևերով: Օրենքների չիմացությունը նպաստում է նրան, որ մարդիկ ի վիճակի չեն լինում պաշտպանելու իրենց իրավունքները և ազատությունները, ինչն իր հերթին կարող է հանգեցնել պաշտոնատար անձանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը: Բնականաբար, նման պայմաններում իրավունքը և օրենքն արժեզրկվում են և նույնիսկ սովորական քաղաքացին արդեն ինքը չի հետևում ոչ օրենքի և ոչ էլ իրավունքի պահանջներին: Արդարադատության ոլորտում նման խախտումներն ունեն առավել մեծ վտանգավորություն:
Համաձայն <ՀՀ դատական օրենսգրքի> 89-րդ հոդվածի` դատավորը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին:
Դատավորն ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է խուսափել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:
Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա:
Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, կարծես այլ անձը, իր ընտանեկան, սոցիալական, պաշտոնական կամ այլ դիրքից ելնելով, կարող է ազդել դատավորի վրա:
Ըստ նույն օրենսգրքի 90-րդ հոդվածի` դատական իշխանությունն իրականացնելու հետ կապված դատավորի պարտականություններ գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:
Համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի`դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝
1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր.
2) գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն.
3) թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը.
4) դատական նիստի բոլոր ներկաներից պահանջել կարգուկանոնի և էթիկայի կանոնների պահպանում.
5) համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե: Դատավորը պարտավոր է նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո.
6) իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց: Նման կողմնակալությունն ընդգրկում է ինչպես որոշակի անձանց նկատմամբ կողմնակալությունը, այդպես էլ կողմնակալությունը` հիմնված ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության և այլ նմանատիպ հատկանիշների վրա: Սույն կետը չի խոչընդոտում դատարանին անդրադառնալ ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության, ինչպես նաև այլ նմանատիպ հատկանիշներին, եթե վերջիններս հանդիսանում են դատական քննության առարկա.
7) վերահսկել և թույլ չտալ դատարանի աշխատակազմին և այլ անձանց, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո, դրսևորել կողմնակալություն.
8) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից.
9) դատարանի միջոցները տնօրինել արդյունավետ՝ խուսափելով անհարկի ծախսերից.
10) չհաստատել այն դատական ծախսերը, որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին.
11) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց: Դատավորը պարտավոր է զերծ մնալ նաև իր կարծիքը ոչ հրապարակային հայտնելուց, եթե դա կարող է միջամտել գործի քննությանը: Դատավորը պարտավոր է նմանատիպ վարքագիծ պահանջել նաև դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ.
12) դատական իշխանությունն իրականացնելուց դուրս չհրապարակել և չօգտագործել իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Աղբյուրը` Իրավաբան.net