Անձի կենսաթոշակի գումարի չափը ներկայումս որոշվում է հիմնական կենսաթոշակի չափի գումարին ավելացնելով աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար որոշված գումարը:
«ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ սահմանված է հիմնական կենսաթոշակի չափը, որը կազմում է 13.000 ՀՀ դրամ և աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար գումարը, որը կազմում է 450 ՀՀ դրամ»- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Աշխատանքային ստաժում ներառվում են աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածը, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ (զինվորական ծառայություն, ցերեկային ուսման ձևով բարձրագույն ուսումնական հաստատության ուսանելու ժամանակահատվածը և այլն), որոնք նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում: Այսինքն, եթե անձը կենսաթոշակի անցնելիս օրինակ ունի 20 տարվա աշխատանքային ստաժ, ապա նրա կենսաթոշակի գումարը կլինի հետևյալը` Հիմնական կենսաթոշակի գումար`13.000 դրամ + աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար սահմանված գումար` (20*450)= 13.000+ 9.000= 22.000 ՀՀ դրամ: Աղբյուրը` Իրավաբան.net