Բոլոր ժամանակներում էլ վտանգ է եղել դրսում քայլելիս հանդիպել հանցագործների, որոնք կարող են մեծ վտանգ հանդիսանալ քաղաքացու համար:
Ինչպե՞ս պաշտպանել մեզ:
Կարևորագույն պաշտպանության միջոցներից առաջինն է՝ հնարավորինս շուտ նկատելը հանցագործին: Որքան վաղ անձը նկատի հանցագործին, այնքան հնարավորությունը մեծ է դառնում պաշտպանվելու նման մարդկանցից: Նույնիսկ ամենավտանգավոր հանցագործներից հնարավոր է պաշտպանվել, եթե անձը նկատել է ավելի վաղ հանցագործին, քան հանցագործն է նկատել իրեն և ընտրել իր զոհին:
Ինչպե՞ս սովորել նկատել:
«Նկատելու համար նախ և առաջ անհրաժեշտ է սովորել լինել ուշադիր: Այս առումով ուշադիր լինել չի նշանակում, որ մարդ պետք է իր ուշադրությունը հնարավորին չափով կենտրոնացնի ինչ-որ առարկային, երևույթին: Մարդկանց մեծամասնությունը ուշադրությունը ընկալում է հենց այդպես: Մինչդեռ ուշադրությունը կարող է լինել ազատ և զբաղված:
Օրինակ. եթե փողոց անցնելիս մենք ուշադիր լինենք մեքենաներին, այդ պահին մենք չենք նկատի ուրիշ ոչինչ, բացի մեքենաներից:
«Որքան շատ է ուշադրությունը զբաղված, այնքան անձի մոտ քիչ է ազատ ուշադրությունը», – այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է իրավաբանական հոգեբանության փորձագետ, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` որքան ազատ է ուշադրությունը, այնքան նա կարող է ավելին նկատել: Եթե մենք փողոցում քայլելիս նայենք մարդկանց, դժվար չի լինի նկատել այն, որ մարդիկանց 80%-ի ուշադրությունը զբաղված է իրենց մտքերով, որի պատճառով ազատ ուշադրությունը զբաղված է լինում:
Այսպիսով, եթե չեք ուզում դառնալ ավազակային հարձակման, գողության կամ այլ հանցագործության տուժող, սկզբանական փուլում կարևոր պաշտպանության միջոցներից է լինել ուշադիր՝ վերոգրյալ եղանակով: Այն ժամանակ, երբ անձը նկատել է ենթադրյալ հանցագործին, նույնիսկ այդժամ պետք է լինել ուշադիր ազատ ուշադրությամբ, քանի որ հավանականությունը մեծ է, որ նման հանցագործներ միայնակ չեն գործում:
Ուշադրության կարևորությունը գիտակցելով՝ հանցագործները շատ հաճախ փորձում են շեղել անձի ուշադրությունը, օրինակ՝ հարցնելով ժամը կամ ինչպես գնալ ինչ-որ մի վայր…և այլն: Սովորենք նաև այդ հարցերի հնչողությունից զգալ հարցնողի մտադրությունների մասին: Եթե հարցնողը հանցագործ է, ապա նա այդ պահին գտնվում է հուզական բարձր վիճակում, վերջինիս պատճառով նրա ձայնը կամ պետք է հնչի շատ բարձր կամ հակառակը ցածր: Ամեն դեպքում միջին բարձրությամբ շատ քիչ է հավանականությունը, որ հանցագործը կխոսի, իսկ եթե նույնիսկ խոսի, նշանակում է, որ նման հուզական վիճակում նա չի գտնվում, ինչը խոսում է հանցագործի՝ իր գործում պրոֆեսինալության մասին: Մինչդեռ նման պրոֆեսիոնալ հանցագործները հիմնականում չեն գործում փողոցներում…
Քայլենք ուշադիր՝ ներկայում:
Աղբյուրը` Իրավաբան.net