ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսել է դրույթներ, ինչպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներով, սակայն, եթե պատասխանատվությունը և պատիժը օրենքով սահմանված մեղմացնող հանգամանքներից բացի, դատարանը պատիժ նշանակելիս կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ (քր. օր. 62 հոդվ. 2 մաս), ապա նույն կերպ չի կարող վարվել պատժի նշանակման դեպքում խստացման առումով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը չի կարող հաշվի առնել սույն հոդվածի առաջին մասով չնախատեսված այլ հանգամանքներ:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի`պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներն են`
1) հանցանքը կատարելու ռեցիդիվը, հանցանքը որպես արհեստ կատարելը.
2) հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը.
3) հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում կատարելը.
4) հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը.
5) հանցանքը կատարելուն հանցավորի համար ակնհայտ հոգեկան հիվանդագին խանգարումներով տառապող կամ հարբած վիճակում գտնվող, ինչպես նաև քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անձանց ներգրավելը.
6) հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը.
7) հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը.
8) հանցանքը հանցավորի համար ակնհայտ հղի կնոջ, ինչպես նաև մանկահասակի, այլ անպաշտպան կամ անօգնական կամ հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը.
9) հանցանքն այնպիսի անձի կամ նրա ամուսնու, կամ մերձավոր ազգականի նկատմամբ կատարելը, որը կապված է նրա կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ.
10) հանցանքն այնպիսի անձի կողմից կատարելը, ով դրանով խախտել է զինվորական կամ մասնագիտական երդումը.
11) հանցանքն առանձին դաժանությամբ, տուժողին ծաղրուծանակի կամ տանջանքների ենթարկելով կատարելը.
12) հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը.
13) հանցանքը ռազմական կամ արտակարգ դրության, տարերային կամ հասարակական այլ աղետի պայմաններում, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ժամանակ կատարելը.
14) հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը:
Աղբյուրը` Իրավաբան.net