Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով

Որպես կանոն դատարան ներկայանալուց չարամտորեն կամ դատավարական իրավունքից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգալից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություններ կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում, դատարանն իրավունք ունի գործի մասնակցող անձանց ներկայացուցիչներին և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել դատավարական սանկցիաներ:

Դատավարական սանկցիաները հետևյալն են
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը,-Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ`նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ: Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կիրառելու դեպքում նիստը հետաձգվում է:
Դատական տուգանքը կիրառվում է գործի մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ:
Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով` դատարանի հայեցողությամբ ասում է իրավաբանը:
Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող է կիրառվել վերը նշված 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները:
Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին առաջի ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող է բողոքարկվել հրապարակման պահից` եռօրյա ժամկետում:
Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ`եթե դատարանը գտնում է, որ գործի մասնակցող անձը, դատական նիստին գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատարանը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել