ԱԺ-ում շարունակվում է գումարված արտահերթ նստաշրջանը: Քննարկման թեման, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունների կասեցման հարցն է:
Պատգամավորները շարունակում են իրենց մտքերի փոխանակում` ելույթները, որից հետո վերջնական տեսքի կբերվի ԱԺ-ի հայտարարությունը:
Իսկ հայտարարության նախագիծն այս պահին բաղկացած է 5 կետերից:
-Հունգարիայի իշխանությունը ևս կրում է կատարվածի համար պատասխանատվությունը, դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:
-Ադրբեջանն այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:
-Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
-Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջև 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:
-Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները:
Այս պահին ԱԺ Նախագահի Հովիկ Աբրահամյանի կողմից հայտարարվեց մեկժամյա ընդմիջում:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net