Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդն այսօր հայտարարել է, որ Հունգարիայում դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսի պես դիմավորելն անընդունելի է:
«Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր սպանության համար եւ ցմահ բանտարկված էր Հունգարիայում: Օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց Ադրբեջան եւ նրան անմիջապես ներում շնորհվեց: Չեմ ցանկանում մեկնաբանել խնդրի իրավական կողմը, սակայն անընդունելի եմ համարում, երբ դատապարտված մարդասպանին դիմավորում են հերոսի պես», – ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:
«Ես ժխտում եմ այնպիսի աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական նորմերը սկսում են մաշվել, իսկ մարդկային արժանապատվության հարգանքը մերժվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք թողնել ապագա սերունդներին: Ես դատապարտում եմ հանցագործության նման հերոսացումը», – ասել է Տյորբյորն Յագլանդը:
Աղբյուրը՝ Իրավաբան. net