Որքա՞ն կտուգանվեք առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է տուգանքներ այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձը վարում է մեքենան,  կամ մեքենան հանձնում է այդ իրավունքիը չունեցող այլ անձի: Այս հոդվածում մասնավորապես նշվում է.

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափով:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով: (3-րդ կետ)

Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից ՀՀ չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում են տուգանքի նշանակում`10 հազար դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:

Հավելեն, որ այս հոդվածում այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

ՎԻՎ օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

ՎԻՎ օրենսգրքի իմաստով անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

Այս հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել