Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը: Ծառայությունն իրականացվելու է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Հաստատված ժամանակացույցով սեպտեմբերի 4-ին մայրաքաղաքի Էրեբունու և Մաշտոցի համայնքներում բացվեց ևս երկու հենակետ:
Բացման արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ բացումը կատարեցին հենց բնակիչները, և դա խորհրդանշական է. համայնքային ծառայությունը չի կարող կենսագործվել առանց ոստիկանության ու հասարակության սերտ համագործակցության:
Շնորհավորելով բնակիչներին՝ հենակետերի բացման առթիվ՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց համայնքային ոստիկանության նշանակությունը ինչպես ոստիկանության գլխավոր գործառույթների՝ հասարակությանը ծառայություն մատուցելու և հանցավորության դեմ պայքարի իրականացման գործում, այնպես էլ ոստիկանության հանդեպ հանրային վստահության և հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման առումով:
Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունն ընդունվում ու դրական է գնահատվում հասարակության կողմից: Մարդիկ համայնքային ոստիկանին սկսում են ընկալել որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու: Համայնքային ոստիկանը պարտավոր է արդարացնել բնակչի վստահությունը` ծառայությունը կազմակերպելով նոր եղանակներով, նորովի գնահատելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններն ու իր առաքելությունը՝ Իրավաբան.net-ին տեղեկացրին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացը հանրապետությունում շարունակվում է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net