Որսորդական տնտեսությունը նպատակային առանձնացված տարածքում ստեղծված մասնագիտացված բնօգտագործող սուբյեկտ է, որի գործունեության նպատակն է որսահանդակների և որսի կենդանիների կայուն օգտագործումը:
Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերում որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերը և դրանց չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենքով սահմանված կարգով:
Որսորդական տնտեսությունը կարող է ստեղծվել անտառային, ջրային տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա:
Որսորդական տնտեսություններ չեն կարող ստեղծվել հատուկ պահպանվող տարածքներում:
Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերում որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունը հայտատերը նախապատրաստում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Որսորդական տնտեսության ստեղծման առաջարկության մեջ նշվում են որսորդական տնտեսության տեղադիրքը, տարածքի չափը, հողամասի նպատակային նշանակությունը և դրա օգտագործման նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները, որսահանդակի գնահատման տվյալները:
Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերը որսորդական տնտեսություն կազմակերպելու համար հատկացվում են վարձակալության և կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով:
Մրցույթն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է մրցութային հանձնաժողով ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո` մարզպետարանների և համապատասխան գիտական և հասարակական կազմակերպությունների լիազորած մասնագետների մասնակցությամբ:
Պետության և համայնքների սեփականություն համարվող հողամասերի մրցույթում հաղթող ճանաչված հայտատերերի հետ կնքվում է համապատասխան հողօգտագործման պայմանագիր:
Որսորդական տնտեսություններ կարող են կազմակերպվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, օրենքի պահանջներին համապատասխան, որի դեպքում հողօգտագործման պայմանագիրը կնքվում է հողի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի հետ` օրենքով սահմանված կարգով:
Որսորդական տնտեսության տարածքներում թույլատրվում է տեղադրել մինչև 50 քմ տիպային կառույցներ, որոնց նախագծերը հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության: Նշված տարածքներում այլ տիպի շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Որսորդական տնտեսությունը լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Որսորդական տնտեսություն վարելու իրավունք տրվում է որսորդական տնտեսություն կազմակերպելու համար մրցույթում հաղթող ճանաչված և հողօգտագործման պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որը օրենքով սահմանված կարգով ՀՀ Բնապահպանության նախարարության, իսկ պետական անտառներում և անտառային հողերում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքել է որսի ռեսուրսի օգտագործման պայմանագիր:
Աղբյուրը` Իրավաբան.net