Հաշվի առնելով միջազգային և ազգային անվտանգության ապահովման կարևորությունն ու նշանակությունը, ինչպես նաև հաշվի առնելով ռազմական նշանակության արտադրանքի բնույթն ու առանձնահատկությունները` օրենքով նախատեսված է որոշակի կարգ` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության իրականացման համար:
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական պայմանագիր ստորագրելը պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը:
Եզրակացությունը ստանալու նպատակով անձը պարտավոր է, լիցենզավորման կարգով սահմանված պահանջների համաձայն, լիցենզավորող մարմին ներկայացնել պատշաճ կարգով հաստատված հետևյալ տեղեկությունները.
1) ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող կազմակերպության գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին
2) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին
3) ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում ներմուծվող պետության լիազոր մարմնի հավաստումն այն մասին, որ ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերջնական օգտագործողին, այդ արտադրանքը չի օգտագործվի այլ նպատակներով, քան հայտարարված է, և չի փոխանցվի որևէ այլ երրորդ երկիր կամ այլ անձի` առանց արտահանող կողմի լիցենզավորող մարմնի գրավոր համաձայնության.
4) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրում իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին
5) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման պայմանագրերում նախատեսված ներմուծվող կամ արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը, իսկ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության դեպքում` նաև կնքման ենթակա պայմանագրի նախագծում նախատեսված ապրանքների ցանկը:
Վերը նշված պահանջները և պայմանները լիցենզավորված անձը պետք է պահպանի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող գործունեության ժամանակ:
Աղբյուրը` Իրավաբան.net