Աշխատանքային գրքույկը անձի աշխատանքային գործունեությունը հավաստող հիմնական փաստաթուղթն է: Նրանում լրացվում են այն տեղեկությունները, որն անհրաժեշտ է անձի ապահովագրական ստաժի հաշվարկման համար:
«Աշխատանքային գրքույկում լրացվում են հետևյալ տեղեկություները.
1. աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը),
2. աշխատողի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
3. գործատուի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը,
4. զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը
5. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը,
6. այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի,
7. պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում,
8. միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը,
9. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը,
10. աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները լրացվում են միայն աշխատողի պահանջով, իսկ համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին»- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
«Աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի կրկնօրինակ պատվիրում և աշխատողին տրամադրում է գործատուն` իր միջոցների հաշվին: Աշխատանքային պայմանագրի լուծման կամ վերջնահաշվարկի օրը գործատուն լրացնում է աշխատանքային գրքույկը և հանձնում աշխատողին» – փաստաբան Կարեն Հովհաննիսյան:
Աղբյուրը` Իրավաբան.net