Քաղաքական ապաստանը օրենքով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրված Հայաստանի Հանրապետությունում առանձնահատուկ կացություն է, որը նպատակ ունի այդպիսի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանել այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում, և որին նա կենթարկվեր այդ երկրում, եթե նրան Հայաստանի Հանրապետությունում ապաստան չտրամադրվեր:
Համաձայն օրենքի` «քաղաքական հետապնդում» հասկացություն ասելով նկատի է առնվում օտարերկրյա քաղաքացու նկատմամբ այդ երկրի պետական մարմինների կամ վերջիններիս թողտվությամբ` այդ երկրի հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից իրականացվող ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ ճնշումը, որն անհատապես ուղղված է այդ անձի քաղաքական համոզմունքների փոփոխմանը, այդ երկրի կամ այլ պետության պետական մարմինների կամ գործիչների գործողությունների դեմ այդ անձի արտահայտած հրապարակային քննադատական ելույթների կանխմանը, որոնք բացառապես առնչվում են ճնշման ենթարկվող անձի քաղաքական համոզմունքների և արտահայտած կարծիքների` միջազգային իրավունքի նորմերով հռչակված` մարդու իրավունքների և ազատությունների դրսևորման հետ:
Քաղաքական հետապնդում չի դիտվում այն գործողությունը, որն օտարերկրյա պետությունը, նրա իրավասու մարմիններն ու համապատասխան միջազգային կազմակերպություններն իրականացնում են օտարերկրյա այն քաղաքացու նկատմամբ, որը կատարել է միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող կամ քաղաքական բնույթ չունեցող քրեորեն հետապնդելի արարք:
Օտարերկրյա պետություններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը կարող են ներկայացնել այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ:
Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն օտարերկրյա քաղաքացու դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Միգրացիոն պետական ծառայություն:
Հայցողի վերաբերյալ իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո Միգրացիոն պետական ծառայությունը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի և դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Առաջարկությունը կազմվում է դիմումի կապակցությամբ գործում առկա հանգամանքների շարադրման սկզբունքով` առանձին մատնանշելով դիմումը բավարարելու և մերժելու` օրենքով նախատեսված հիմքերը:
Դիմումի հիման վրա Միգրացիոն պետական ծառայությունը կազմում է անձնական գործ:
Դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու Միգրացիոն պետական ծառայությունում բացված գործը կազմելու և վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net