Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում դեղագործական գործունեության կանոնները խախտելու համար

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին չունենալը առաջացնում է նախազգուշացում:
Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետությունում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, – Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշեց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանը:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։
Դեղատներում և դեղատնային կրպակներում ոչ մասնագետի կողմից այնպիսի աշխատանքներ կատարելը, որը, համաձայն օրենսդրության, պետք է կատարվի միայն համապատասխան մասնագետի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ գործատուի նկատմամբ` հիսնապատիկի չափով:
Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առևտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Վերոնշյալ արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ վերոնշյալ արարքի համար նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել