Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար սահմանված են մաքսատուրքեր: Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար գործում են մաքսային արտոնություններ, որի պարագայում անձը կարող է մաքսային սահմանով տեղափոխել այդ ապրանքները` առանց մաքսատուրքի վճարման:
«Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց մաքսատուրքի դրույքաչափը զրոյական չէ և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
«Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով, առանց մաքսատուրք վճարելու, տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը» -նշում է փաստաբան Հովհաննիսյան:
Աղբյուրը` Իրավաբան.net