Հունգարացի հայագետ. Հունգարիան վատ բան է արել` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջանին

Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի կարծիքով Հայաստանը տրամաբանական է վարվել, որ դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Հունգարիան վատ բան է արել` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջանին»:
Այս կարծիքին են նաև հունգար ժողովուրդը, մի շարք հունգարական պարբերականներ ու կուսակցություններ: Վերջիններս իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ով որ այս որոշումը կայացրել է Բուդապեշտում, նա խելք չունի»:
Բենեդեկ Ժիգմոնդը տեղեկացրեց, որ Հունգարիայում ժողովուրդը բողոքի ակցիաներ է անցկացնում Կառավարության որոշման դեմ:
«Ինչ որոշում էլ, որ կայացրած լինի Կառավարությունը, ես ուզում եմ ասել, որ հայ և հունգար ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, և հունգար ժողովուրդը դեմ է Կառավարության այդ որոշմանը»,- հայտնեց Ժիգմոնդը:
Վերջինիս խոսքով` Հունգարիայի Կառավարությունը խափված է, քանի որ, պայմանավորվածության համաձայն, Սաֆարովը պետք է Ադրբեջանում առնվազն 25 տարի պատիժը շարունակեր: Իսկ ինչ վերաբերում է Հունգարիայում Ռամիլ Սաֆարովի դատավարությանը, ապա Հունգարիան արդար դատաքննություն է անցկացրել:
«Ստեղծված իրավիճակից լուծման տարբերակն այն է, որ Հունգարիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Հայաստանից, պարտավորվի լուծել հարցը միջազգային ֆորումների միջոցով»,- կարծում է հունգարացի հայագետը:
Նրա փոխանցմամբ` վաղը Հունգարիայում Կառավարության որոշման դեմ կազմակերպվելու է մեծ բողոքի ակցիա:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել