ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը անձին հաշմանդամ է ճանաչում օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից:
Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
ա) մանկուց հիվանդությունը.
բ) ընդհանուր հիվանդությունը.
գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.
դ) մասնագիտական հիվանդությունը.
ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժա) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը:
«Վերոնշյալ համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձը ճանաչվում է հաշմանդամ:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման և կառուցվածքային-գործառնական առանձնահատկություններից:
Օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:
Իրավաբանի փոխանցմամբ` հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Սերինե Խաչատրյանի խոսքով` անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net