Դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու, իր լիազորությունները իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու, աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու, ինչպես նաև «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների համար:
Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով` դատախազի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1. դիտողություն.
2. նկատողություն.
3. խիստ նկատողություն.
4. դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5. պաշտոնի իջեցում.
6. պաշտոնից ազատում:
«Որպես կանոն, գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել այն դատախազի նկատմամբ, ում նշանակել է ինքը: Գլխավոր դատախազն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ»,-Իրավաբան net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իսկ ինչպե՞ս է իրականացվում գործընթացը:
Կարգապահական խախտման փաստի առիթով գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օր ժամկետում, բայց ոչ ուշ, քան 12 ամիս անց այն կատարելու օրվանից, հարուցվում է կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթի ընթացքում իրականացվող քննարկումների ժամանակ դատախազը իրավուն ունի բացատրություներ տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:
Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` կարգապահական վարույթը ավարտելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը հարցը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էթիկայի հանձնաժողովը քվեարկությամբ որոշվում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման դատախազի մեղավորության հարցը, իսկ գլխավոր դատախազի կողմից նման հարցադրման առկայության դեպքում` նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը: Կիրառված կարգապահական տույժի մասին դատախազին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկել դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net