Այս կամ այն ապրանքը գնելիս հաճախ ցանկություն է առաջանում պարզել` որ երկրում է այն արտադրվել: Այս հարցի պատասխանը ստանալու համար կարդում ենք ապրանքի փաթեթի վրա նշված տեղեկությունները, որտեղ, որպես կանոն, նշված է լինում արտադրման երկիրը:
Իսկ ե՞րբ է ապրանքը համարվում տվյալ երկրում արտադրված:
Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված են համարվում`
ա) կենդանի կենդանիները, որոնք ծնվել և աճեցվել են տվյալ երկրում.
բ) կենդանիները, որոնք ձեռք են բերվել տվյալ երկրում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային և ներքին ջրերում) կամ համանման այլ գործունեության հետևանքով.
գ) կենդանի կենդանիներից տվյալ երկրում ստացված արտադրանքը.
դ) տվյալ երկրում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը.
ե) տվյալ երկրի տարածքից, ընդերքից կամ տարածքային և ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները և այլ բնական պաշարները, որոնք ընդգրկված չեն սույն կետի «ա»-«դ» ենթակետերում.
զ) տվյալ երկրում արտադրության, վերամշակման կամ սպառման հետևանք հանդիսացող մնացորդները և երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք.
է) տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը.
ը) սույն կետի «է» ենթակետում նշված ապրանքներից տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը.
թ) տվյալ երկրին պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը.
ժ) տվյալ երկրում սույն կետի «ա»-«թ» ենթակետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:
Իսկ եթե ապրանքի արտադրությանը մասնակցել են մեկից ավելի երկրներ:
«Նման դեպքերում ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ վերջին անգամ կատարվել են բավարար վերամշակման աշխատանքներ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետևանքով`տեղի է ունեցել ԱՏԳԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն, տվյալ ապրանքի արտադրության մեջ օգտագործվող տվյալ երկրի ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսերը:
«Այն ապրանքները, որոնք արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում դասակարգված են որպես կոմպլեկտներ (կոմպլեկտավորված ապրանքներ) կամ դիտվում են որպես այդպիսիք, համարվում են այն երկրի ծագում ունեցող, որտեղ կոմպլեկտը հավաքվել է, եթե կոմպլեկտի` տվյալ երկրի ծագում չունեցող մասերի ընդհանուր արժեքը չի գերազանցում դրա արժեքի 45 տոկոսը»,- հայտնում է Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net