Ինպիսի՞ առանձնահատկություններ ունեն գյուղատնտեսական նշանակության հողերը ժառանգման իրավահարաբերություններում

Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը:
Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության:
Օրենսդրությունը սահմանել է ժառանգման իրավահարաբերություններում որոշ առանձնահատկություններ գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված, մասնավորապես` քաղաքացու մահվան դեպքում նրան սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ժառանգվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան:
«Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողամասը չի բաժանվում ժառանգների միջև, այլ տրվում է ցանկացած հերթի այն ժառանգին, որը պարտավորվում է զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ: Վեճի դեպքում հարցը լուծվում է դատական կարգով»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ գյուղատնտեսական արտադրություն իրականացնելուց հրաժարված ժառանգներն ունեն իրենց հասանելիք բաժինների չափով ժառանգությունից փոխհատուցում ստանալու իրավունք: Այն դեպքում, երբ ժառանգներից որևէ մեկը չի ցանկանում գյուղատնտեսությամբ զբաղվել, ապա նա պարտավոր է գյուղատնտեսությամբ զբաղվելու պարտականություն ստանձնած ժառանգներին փոխանցել հողամասի նկատմամբ իր իրավունքը:
Ժառանգների կամ կտակի բացակայության, ինչպես նաև ժառանգությունից հրաժարվելու դեպքերում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, իսկ անչափահաս քաղաքացու կողմից հողամասը ժառանգելու դեպքում նրա օրինական ներկայացուցիչները կարող են այդ հողամասը տրամադրել վարձակալության` մինչև ժառանգի չափահաս դառնալը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել