Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։
Հատուկ կրթական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում պետական աջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետևյալ երեխաները.
ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային և խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները.
բ) լսողության խանգարում` չլսող (խուլ), թույլ լսող և լսողության կորուստ ունեցող երեխաները.
գ) տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները.
դ) մտավոր հետամնացություն ունեցող երեխաները.
ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները.
զ) հոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները.
է) վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաները:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքը ապահովելու նպատակով ուսումնական հաստատություններում կարող են առանձնացվել հատուկ կրթության կառուցվածքային ստորաբաժանումներ, բացառապես կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ:
Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար կրթության պայմանների ստեղծումը, պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրերին համապատասխան։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին մարզական պարապմունքներ։
Աղբյուրը` Իրավաբան.net