Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:
Oրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ են` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և դատավորները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության նախարարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների ղեկավարները և անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը և տեղակալը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են վերոնշյալ պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:
Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:
Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը:
Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երևան քաղաքն է:
Աղբյուրը` Իրավաբան.net