Չպետք է հավասարեցվեն մարդասպան պետությունն ու գնդակծվող խաղաղ բնակչությունը. օմբուդսմեն

Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել.

«Երեկ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի եւ առողջության նկատմամբ: Բացի այդ, ժնեւի կոնվենցիաների 1-ին Լրացուցիչ արձանագրությամբ արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատեւման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա:

Մինչդեռ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակելի տների ու ցանքատարածությունների վրա: Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են:

Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը: Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե´ Հայատանում եւ թե´ այլուր մեզ համար բարձրագույն արժեք է: Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը եւ գնդակծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը եւ նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնեւյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել