Ի՞նչ է նշանակում հարկման նպատակով փոխկապակցված անձ
Հարկման նպատակով փոխկապակցված անձ` ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:
Ովքե˚ր են համարվում իրավաբանական անձի փոխկապակցված անձինք
Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են`
– կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,
– անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,
– անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,
– իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,
– իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
«Բացի վերոնշյալ դեպքերից իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված նաև այն դեպքերում, երբ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից», – Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net