ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ստացվել են մահվան պատճառները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
Քննչական կոմիտեյի հաղորդմամբ՝ ստացված եզրակացությունների համաձայն՝ Մ.Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել 35-36 շաբաթական հղիության ընթացքում արձանագրված հղիության անեմիայով և սակավաջրությամբ, զարգացած սուր շնչառական վարակով, հիպերթերմիկ սինդրոմով, ինտերստիցիալ թոքաբորբով, հեմոֆագոցիտար համախտանիշով, հեպատո-սպլենոմեգալիայով, թրոմբոցիտոպենիայով, ոսկրածուծում էրիթրոկարիոցիտար ու գրանուլացիոն շարքի խիստ ընկճմամբ, կոագուլոպթիայով, փայծաղի ֆոլիկուլյար կառուցվածքի խոր ընկճմամբ, HELLP համախտանիշի զարգացմամբ, հեպատոցիտների ծանր դիստրոֆիայով և տարածուն նեկրոզներով, երիկամների կծիկների ֆոկալ ու սեգմենտար նեկրոզներով, տարածուն տուբուլոնեկրոզով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, ծանր կոագուլոպթիայով, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշով, մաշկածածկույթներում և ներքին օրգաններում բազմաթիվ կետավոր և միաձուլվող արնազեղումներով, դուրալ, սուբդուրալ, մանր ու մեծ թարմ, սուբարախնոիդալ ու միջգալարային մանր ու թարմ արնազեղման օջախներով, անասարկայով։
Նշված ախտանիշներն առկա են եղել Մերի Մարգարյանի մոտ կենդանության օրոք և հանգեցրել մահվան:
Իսկ ըստ նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի մահը վրա է հասել հուլիսի 30-ին՝ ժամը 12:10-ին: Մահվան պատճառ է եղել թոքերի և գլխուղեղի այտուցը, որոնք պայմանավորված են առաջնային բնածին իմունոդեֆիցիտով՝ ուրցագեղձի ակցենդենտալ 3-4 աստիճանի ինվոլյուցիայով։
Ծննդկանին և նրա դստերը բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկական հնարավոր սխալը պարզելու համար նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Նախաքննությունը շարունակվում է: