Նորություններ

Հունվարի 1-ից գումար չի գանձվի արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներ վարելու դեպքում

Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ:  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերը հիշատակված գումարները ձևավորվում են հետևյալ վճարներից.

  • «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար վճար` թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ տասնհինգ օրվա համար (20000 դրամ 30 օրվա համար),
  • «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) մարդատար ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում) արտանետման դիմաց գանձվում է 3750 դրամ:
  • Բանկային միջնորդավճարներ` 200 դրամ:

Նշենք նաև, որ, Վրաստանի Հանարապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ սահմանին չեն գանձվում վերոհիշյալ վճարները, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի դրույթներով սահմանված է, որ Պայմանավորվող կողմերից (ՀՀ և ՎՀ) մեկի տարածքում գրանցված և սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նմանատիպ միջկառավարական համաձայնագրի կնքման դեպքում տվյալ վճարները չեն գանձվի նաև ՌԴ-ում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ժամանող անձնանցից:

Միաժամանակ նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով վերացվելու է այլ պետություններում գրանցված մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների գանձման պահանջը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել