Պետական դավաճանության գործով նիստի ժամանակ ուսումնասիրվեցին կին դատապարտյալի ցուցմունքները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  շարունակվեց պետական դավաճանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ այս գործովն արդեն երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի դատարանում՝ ամբաստնայլ Սերգեյ Պապոյանի մասով։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նրա հորը՝ Ռաֆիկ Պապոյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման, իսկ Կարինե Ղումաշյանը՝ 12 տարվա ազատազրկման: Իսկ Սերգեյ Պապոյանին արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն վերաքննիչ ատյանը բեկանել է դատական ակտը՝ արդարացման մասով, և ուղարկել նոր քննության:

Այսօր դատարանը, նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, ուսումնասիրեց առաջին ատյանում առաջին դատավարության ժամանակ ամբաստանյալ Կարինե Ղումաշյանի  տված ցուցմունքների ձայնագրությունները:

Ըստ այդ ցուցմունքի, Կարինեն 2014 թվականին  որդիներից մեկի հետ մեկնել է Թուրքիա՝ աշխատելու, քանի որ ֆինանսական խնդիր է ունեցել ընտանիքը: Վարձակալված տանը ծանոթացել է համաքաղաքացի Ռաֆիկ Պապոյանին: Նա էլ մի օր խոստացել է, որ բարերարի հետ կծանոթացնի, ով օգնում է հայերին ու իրեն էլ կօգնի: Մի օր էլ այդ բարերար Արմանի հետ ծանոթացել է, պատմել է իր ընտանքի մասին, ով ինչով է զբաղվում: Այդ հանդիպման ժամանակ Արմանն իր նոթատետրում նշել է իր զավակների ծննդյան օրերը: Այս հանդիպումից հետո շուրջ մեկ ամիս կապ չի եղել, մի օր էլ զանգել է իրեն, խնդրել հանդիպել, քանի որ կարևոր բան ունի ասելու: Սրճարանում հանդիպման ժամանակ Արմանն իր ձեռքերն է բռնել, ասել, որ ամուսնացած չէ ու ցանկանում է իր անձնական կյանքը դասավորել: Մի քանի հանդիպում հետո էլ իրեն ամուսնության առաջարկ է արել:

Պատասխանել է, թե շտապել չի ուզում, կարող են ընկերություն անել: Իսկ 2015-ի հունվարին վերադարձել է Հայաստան՝ ամուսնալուծվելու նպատակով: Իսկ որդուն թողել է Թուրքիայում՝ ընկերուհու ընտանիքում: Մինչ վերադառնալն Արմանն իրեն 1200 դոլար է տվել, որ նվերներ գներ ու Հայաստանում ամուսնալուծվելու ծախսերը հոգար: Երբ նվերներ գնելիս են եղել, Արմանն իր ու որդու անձնագրերն է խնդրել, դրանք պատճենել ու վերադարձրել: Պատճառաբանել է, թե դա իրենց անվտանգության համար է անում: Խնդրել է նաև անպայման իրեն ու ավագ որդուն, ով հայկական բանակի սպա է, անպայման ծանոթացնել ու համոզել, որ վերջինս իր հետ կապ հաստատի: Նույնիսկ նրա ծննդյան առթիվ սպորտային հագուստ է նվեր գնել ու խնդրել փոխանցել: Մինչ ավտոբուսով Հայաստան հասնելը, հեռախոսազրույցի ժամանակ Արմանն իրեն ասել է, թե ոչ մի դեպքում Հայաստանից իրեն չզանգի: Սակայն վերադառնալուց երկու շաբաթ հետո, երբ որդին զանգել ու հայտնել է, թե ձեռքի գումարը վերջացել է, ինքը զանգել է Արմանին ու խնդրել, որ որոշակի գումար փոխանցի որդուն: Սակայն Արմանը գոռգռացել է վրան՝ ասել, թե ինչու ես զանգում, չէի ասել, որ չեմ ուզում իմ հեռախոսահամարին Հայաստանից զանգեր գրանցվեն: Այս պահից սկսած ինքը սկսել է կասկածներ ունենալ Արմանի ով լինելու վերաբերյալ:

Սպա որդու անունով «Օդնոկլասնիկի» կայքում էջ է բացել ու սկսել շփվել Արմանի հետ: Մասնավորապես՝ նրան հայտնել է զորամասի համարը, որտեղ նա ծառայում է: Ավելի ուշ, երբ այցելել է Արցախում ծառայող որդուն, նրան ցույց է տվել այդ խոսակցությունը: Որդին բարկացել ու խստորեն պատվիրել, որ դադարեցնի այդ մարդու հետ շփումը, քանի որ հավանական է, որ նա կարող է լրտես լինել: Սակայն ինքը որդուն չի լսել ու շարունակել է, իր իսկ բացատրությամբ, «բացահայտել, թե ով է նա». ««Եթե ես իմ որդուն լսեի, այսօր ամբաստանյալի աթոռին չէի լինի»»: «Ես ուզում էի իմանալ, թե ում հետ եմ պատրաստվում կյանքս կապել»: Այն հարցին, թե երբ արդեն կասկածներ կային, որ նա լրտես է, ինչու՞ չի դիմել իրավապահ մարմիններին, կինը պատասխանել է. «Դե ես նրան համակրում էի, ամեն ինչ խառնվել էր իրար»:

Կարինեն պատմել է նաև, որ Թուրքիայում Արմանի հետ շփվելու ժամանակ որևէ կասկած չի ունեցել նրա բարերար լինելու վերաբերյալ: Նա մեկ-մեկ իր գրպանն էլ 30, 50, 100 լիրա մտցրել՝ երեխայի համար քացր գնելու համար: Արմանը միշտ ականջները փակող գլխարկ է հագել և ակնոցներ դրել: Մի օր ինքը համարձակվել է փորձել գլխարկը հանել, սակայն Արմանը խփել է ձեռքերին: Խնդրել է նույնիսկ իր ընտանիքի հետ ծանոթացրել, Արմանը սակայն հրաժարվել է: Պատմել է, որ Անկարայում է ծնվել-մեծացել, իր տունն այնտեղ է, սակայն հիմա աշխատում է Ստամբուլում: Ու բացի բարեգործական ընկերություն ունենալը, նաև կահույքի ֆաբրիկա ունի, որը արտադրանքը Եվրոպա է արտահանում:

Տեխնիկական պատճառով ձայնագրությունների ուսումնասիրությունը դադարեցվեց, նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել