«Վճարիր և տուգանվիր» սկզբունքը չգործեց․ կարմիր գծերի գործով հաղթեց վարորդը

15 րոպեից ավելի վճարովի ավտոկայանատեղիում կայանելուց հետո ուշացումով 100 դրամ տեղական տուրք մուծելը չի կարող հանգեցնել վարչական պատասխանատվության՝ ՎԻՎ օրենսգրքի 127․7-րդ հոդվածով։

Այսօր Վարչական դատարանը նմանաբնույթ գործով վճիռ կայացրեց։ Գործի նախապատմությունը հետևյալն է՝ վարորդի ավտոմեքենան 11․09․2016թ․-ի ժամը 20։25-ից մինչև նույն օրը ժամը 21։12-ը 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել վճարովի ավտոկայանատեղիում։ Վարորդը՝ մեկ ժամվա համար սահմանված 100 դրամ գումարը վճարել է 22։59-ին՝ կայանումից 47 րոպե անց։ Հետագայում ուշացումով վճարում կատարած լինելու փաստի դեմ չի առարկել նաև քաղաքապետարանը, սակայն վարորդին տուգանել է 5000 ՀՀ դրամով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124․7-րդ հոդվածի համաձայն։

Վարորդը ակտը բողոքարկել է դատարանում, գործը նախագահել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, հայցվորի ներկայացուցիչն էր Մարատ Ատովմյանը։

Դատարանը, բավարարելով հայցը, նշել է․ «Դատարանը հաստատված համարելով, որ կայանումից հետո ուշացումով՝ ժամը 22։59-ին, հայցվորը վճարել է տեղական տուրքը, գտնում է, որ առկա չէ հայցվորին վերագրված զանցանքի փաստակազմի անհրաժեշտ տարրը՝ տեղական տուրքը չվճարելու փաստը։ Դատարանը գտնում է, որ վարչական ակտն ընդունվել է ՎԻՎ օրենսգրքի 124․7-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ՝ տեղական տուրքը չվճարելու իրավաբանական փաստի բացակայությամբ»։

Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման համաձայն՝ ավտոկայանատեղիում կայանելիս նախատեսված է յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար։

Մարատ Ատովմյանի խոսքերով՝ կարող են լինել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, երբ վարորդները ոչ թե 15 րոպե անց կատարեն տուրքի վճարումը, այլ 45 կամ ավելի ուշ․ «Այստեղ իրավաչափ չէ վարորդներին ենթարկել վարչական պատասխանատվության, որովհետև ամեն դեպքում պարտավորությունը կատարվում է, այսինքն՝ պետական տուրքն անձը վճարում է, նա դրանից չի խուսափում, այդ գումարը քաղաքապետարանը ստանում է»։

Այն, որ նմանաբնույթ դեպքը միակը չէ, փաստ է։ Հաճախ են վարորդները տուգանվում քաղաքապետարանի կողմից՝ 100 դրամ տեղական տուրքը 15 րոպեից ուշ վճարելու համար, նրանցից շատերը նախընտրում են դատական քաշքշուկի մեջ չմտնել և վճարում են 5000 դրամ անհամաչափ տուգանքը։

Տվյալ պարագայում քաղաքապետարանը մի կողմից դժվար կացության մեջ է դնում քաղաքացիներին, իսկ մյուս կողմից՝ անհարկի ծանրաբեռնում դատարանները։ Մարատ Ատովմյանը հորդորում է բոլոր վարորդներին, որոնք հայտնվել են նման իրավիճակում, բողոքարկել տուգանքները․ «Պետք է օրենսդրական ձևով խնդիրը լուծվի և ճկունություն հաղորդվի նման դեպքերին։ Անիմաստ ծանրաբեռնվում է դատական համակարգը, ուստի հորդորում եմ Երևանի քաղաքապետարանին վերանայել մեխանիզմն ու ավելի ճկուն համակարգեր մշակել»,- շեշտեց պարոն Ատովմյանը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել