Պետական դավաճանության գործով ամբաստանյալի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող պետական դավաճանության գործով ամբաստանվող 4 անձանցից մեկի՝ 19-ամյա Դիանա Գորոյանի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին են Ռաֆիկ Պապոյանը, նրա որդին՝ Սերգեյ Պապոյանը, Կարինե Ղումաշյանը: Դիանա Գորոյանը Կարինե Ղումաշյանի ազգականուհին է:

Համաձայն մեղադրանքի՝ Ռաֆիկ Պապոյանը Թուրքիայում բնակվելու ընթացքում հավաքագրվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը  Սեյրան անունով անձի կողմից և կատարել նրա կողմից տրված առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացրել նրա հետ:

Կարինե Ղումաշյանը Թուրքիայում բնակվելու ընթացքում Ռաֆիկի միջոցով ծանոթացել է  Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից  Արման անունով անձի հետ: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել: Համաձայն գործի նյութերի՝ Կարինեն Արմանին տեղեկություններ է հայտնել Արցախում զինվորական ծառայության մեջ գտնվող որդու զորամասի վերաբերյալ տեղեկություններ:

Սերգեյ Պապոյանը հոր ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից Սեյրանի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օօդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղյակ է եղել Կարինեի ու Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակցի կապի մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումից տեղեկանում ենք, որ քննության է առնվել Դինայի պաշտպան Լիանա Գասապրյանի միջնորդությունը՝  իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի` անցել են նրան քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները։ Վերոնշյալ միջնորդությունը ստորագրել են նաև անչափահաս ամբաստանյալ Դ.Գորոյանը և վերջինիս օրինական ներկայացուցիչ Նորիկ Գորոյանը (հայրը)։

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Դ.Գորոյանը համաձայնել է իր նկատմամբ հարուցված հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու առնչությամբ, վերջինիս օրինական ներկայացուցիչը` ևս։ Մեղադրող Արամ Արամյանը միջնորդության դեմ  չի առարկել։

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 19-ամյա ամբաստանյալը հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, հետախուզման մեջ չի գտնվել,  դատապարտված չի եղել, այլ հանցանքի համար չի մեղադրվում:

Դատարանն արձանագրել է, որ գործով ամբաստանյալ Դ.Գորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է վերագրված հանցավոր արարքն ավարտված համարելու օրվանից 1 տարի անց` 2016թ. ապրիլին (ըստ մեղադրանքի ձևակերպման), այդ ժամկետի հոսքը չի կասեցվել կամ ընդհատվել։

Դատարանը որոշել է ամբաստանյալ Դիանա Նորիկի Գորոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Վերցվել է նաև նրա հանդեպ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել