Կարևոր փոփոխությունը ուժ մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 1-ից

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք աշխատանքային գրքույկների մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.

1. Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:

2. Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով.

2) հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը գործատուին է ներկայացնում համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ:

3. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային գրքույկի հանձնումը, ապա հիմնական աշխատավայրի գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը սահմանող 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ վերջնահաշվարկի հետ միասին աշխատողի աշխատանքային գրքույկը հանձնում է աշխատողին` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել