«Շենգավիթ» ԲԿ-ում երկու նորածիններ են մահացել. հարուցվել է քրեական գործեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Ըստ աղբյուրի՝ Արմավիր մարզի բնակիչ Ա.Քոչարյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կինը 34 շաբաթական հղիությամբ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 շաբաթ գտնվել է բժիշկների հսկողության տակ, քանի որ կնոջ մոտ եղել է պտղաջրերի արտահոսք: Նոյեմբերի 19-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը, սակայն նշված բժշկական կենտրոնի բուժաշխատողները, ըստ դիմումատուի, բժշկական մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելով, անուշադրության են մատնել կնոջը, որի հետևանքով 36 շաբաթական պտուղը մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում  առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշված բժշկական կենտրոնում մեկ այլ նորածնի մահվան դեպք է գրանցվել նաև նոյեմբերի 27-ին:

2015 թվականի նոյեմբերի 28-ին քաղաքացի Ի. Հայրապետյանից  հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 25-ին հարսը՝ իր որդու կինը, ընդունվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն և կեսարյան հատման եղանակով ունեցել արական սեռի երեխա: Նոյեմբերի 27-ին նորածին երեխան մահացել է՝ ըստ դիմումատուի,  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու առիթ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

2 քրեական գործերով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել