Տուգանքներից նախորդ տարի 3,1 մլրդ դրամ գումար է հավաքվել, դրա մեծ մասը գնում է մասնավորի գրպանը. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկում է հաճախ կրկնվող վարչական իրավախախտումները, որոնք հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, կիսով չափ նվազեցնել. «Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ սա դարձել է առանձին հարկատեսակ: Անցյալ տարվա կտրվածքով 3,1 մլրդ դրամ գումար է հավաքվել, այդ գումարը մեծ մասը գնում է մասնավորի գրպանը»,- այսօր ԱԺ-ում ասաց պարոն Մարուքյանը: Այսպիսով նա առաջարկում է վարորդների բեռը թեթևացնել. «Եթե ինձ 2 հազար դրամ տուգանեն, ես կհասկանամ ու երկրորդ անգամ այդ խախտումը չեմ անի, պետք չի մարդկանց ունեզրկել՝ 20 հազար, 30 հազար ՀՀ դրամով տուգանելով»,- նշեց նա՝ խնդրելով, որ հարցին պատասխանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ամբիոնին մոտեցավ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ կառավարությունը գիտակցում է պատգամավորի բարձրացրած խնդրի կարևորությունը, ինչպես նաև հետևողական է նախագահի հանձնարարականներին. «Մենք գնալու ենք ավելի առաջ, քան այդ տուգանքները կիսով չափով նվազեցումը: Կազմվել է հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում: Նշեմ, որ մի շարք իրավախախտումների համար նախազգուշացում կլինի»,- նշեց նախարարը:

Իսկ Էդմոն Մարուքյանն արձագանքելով՝ ասաց. «Շատ ռազմավարական քայլ էր տիկին Հովհաննիսյանին ուղարկել, որովհետև շատ դժվար է, ճիշտն ասած: Բայց խնդիրը հետևյալն է՝ մարդիկ արդեն հոգնել են հանձնաժողովներից, պարզապես կիսով չափ նվազեցրեք բոլոր այն տուգանքները, որոնք քննադատության առարկա են դարձել, ինչքան շուտ, այնքան ավելի հեշտությամբ մարդիկ կասեն՝ շնորհակալությո՛ւն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մի լավ բան արեց»:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ խնդիրն արագ լուծել հնարավոր չէ. ընթացակարգեր են պահանջվում, նա առաջարկեց պատգամավորին ուժերը համատեղել, իսկ դիմելով հասարակությանն՝ ասաց. «Հարգելի քաղաքացիներ նաև ուզում եմ ասել, որ մենք պակաս մտահոգ չենք այս խնդրով, քան պարոն Մարուքյանը կամ որևէ այլ անձ: Կրկնեմ՝ մենք ոչ թե կիսով չափ կնվազեցնենք որոշ տուգանքներ, այլ կսահմանենք նախազգուշացում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել