«ԼՀՆՄ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Մարտիրոսյանի մեղադրվում է 2014 թվականի հոկտեմբերին «Արարատբանկ» ԲԲ ընկերությանը առանձնապես խոշոչ չափերի վնաս հասցնելու համար` վարկային պարտավարությունները չկատարելու միջոցով: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նա մեղադրվում է այն բանի համար, որ որ 2012 թվականի փետրվարի 7-ին «Արարատբանկ»-ի հետ վարկային պայմանագիր է կնքել և միջազգային կազմակերպություն հանդիսացող Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից «Արարատբանկ» ԲԲ ընկերությանը հատկացված վարկային միջոցներից ստացել է 150,000 ԱՄՆ դոլլար վարկ: Վարկի նպատակը Չինաստանից խաղային ապարատների ձեռքբերելն է եղել, սակայն դրա փոխարեն կատարել է «Մեջիք Լենդ» մանկական սրճարանի վերանորոգման աշխատանքներ: Ինչպես նաև վարկառուն գնել է տարբեր կենցաղային իրեր, ինչի հետևանքով պատշաճ ձևով չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Ամբաստանյալի գործունեության հետևանքով «Արարատբանկ» ընկերությունը կրել է 68,802,720 ՀՀ դրամին համարժեք 168 000 ԱՄՆ դոլար գումարի չափով գույքային վնաս:
Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործով տուժողի ներկայացուցիչ Կ. Հակոբյանը դատարանում ցուցմունք է տվել, որ վարկը տրամադրելուց հետո բանկի համապատասխան աշխատակիցները կատարել են մոնիթորինգ: Ինչի ժամանակ պարզվել է, որ չի ներմուծվել մանկական սրճարանի համար նախատեսված խաղային և ոչ մի ապարատ։ Այսինքն, տրամադրված վարկը չի ծառայել իր նպատակին, որի հետևանքով բանկը կրել է և ներկայում էլ շարունակում է կրել խոշոր վնասներ:
Գործով որպես վկա հանդես են եկել «Արարատբանկ»-ի մի քանի աշխատակիցներ: Նրանք ցուցմունք են տվել, որ ն Լյովա Մարտիրոսյանը ոչ գրավոր, ոչ բանավոր իրենց չի տեղեկացրել, որ տրամադրվող վարկի մի մասը` 52.000 ԱՄՆ դոլարը պետք է ուղղեր մեկ այլ բանկում արդեն իսկ գրավադրված գույքի վարկի մարմանը, քանի որ այդտեղ գրավադրված է եղել այն գույքը, որը պետք է հանվեր և գրավադրվեր «Արարատբանկ» ԲԲԸ-ում:
Քննվող քրեական գործով դատարանը` դատավոր Մ.Մակյանի գլխավորությամբ, վճռել է Լյովա Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում 2 /երկու/ տարիժամկետով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ամբաստանյալի պաշտպանը բողոքարկել է դատավճիռը վերաքննիչ դատարանում` պահանջելով նրան 191 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու դեպքում նշված հոդվածով որպես պատիժ նշանակել սանկցիայով նախատեսված տուգանք և կիրառել ՀՀ ԱԺ 03.10.2013թ. ընդունված Համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժի կրումից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լ. Մամյան