Ազգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Աննա Պետրոսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես նշվել է, որ Աննա Պետրոսյանը 2011 թվականից աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: 2023 թվականից մինչ այսօր նա Մրցակցության վերահսկողության վարչության պետն է:
Ելույթում Աննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ցուցաբերած վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրել իր տեսլականը՝ հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունների, ոլորտում առկա հիմնախնդիրների, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիների վերաբերյալ:
«Մեր հիմնական նպատակը մրցակցության համակարգի շարունակական կատարելագործումն է, որը միտված է ոչ միայն վերահսկողական մեխանիզմների իրականացմանը, այլ նաեւ բիզնես-մշակույթի զարգացմանը եւ արդար մրցակցության ապահովմանը: Մենք մշտապես փորձում ենք պահպանել այն նուրբ սահմանը, երբ իրավախախտ տնտեսավարողների դեմ արդյունավետ պայքարը չպետք է խոչընդոտի ձեռնարկատիրության բնականոն զարգացմանը եւ չպետք է վնասի ազատ եւ արդար մրցակցային միջավայրը՝ նպաստելով սպառողների շահերի պաշտպանությանը»,- ամփոփելով ելույթը՝ ասել է թեկնածուն:
Նա նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 8-ին: