«Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման ընթացքում շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել կոմիտեում»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ կատարած աշխատանքի համար․ «Պարոն Բադասյանի՝ որպես ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել կոմիտեում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը շատ կարևոր հանգրվան էր մեր ընդհանուր բարեփոխումների օրակարգում։

Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել․ հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և այստեղ, իհարկե, այս պրոցեսի հետ պետական եկամուտների կոմիտեն և նրանում տեղի ունեցող բարեփոխումները շատ էական դեր ունեն։ Մեր ընկալումը ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է, որ ՊԵԿ-ը ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը էականորեն պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել»։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռուստամ Բադասյանը իր փորձը կներդնի «Քաղաղացիական պայմանագիր» կուսակցության հետագա զարգացման գործում։

Նա շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել