Է. Ա․-ն կնոջը պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության, իր անչափահաս որդու ներկայությամբ, ինչը վերջինիս նույնպես պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Է. Ա․-ն, իր կինը, երեք անչափահաս երեխան և կնոջ քույրը բնակվել են գյուղերից մեկում, վարձով, վարձը վճարել է Է․ Ա․-ն։ Նա անչափահաս որդու և կնոջ քրոջ ներկայությամբ պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը։ Ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, այդ ընթացքում հնչեցրել է տարաբնույթ սպառնալիքներ, մասնավորապես, որ կսպանի նրան, եղբորը, մորը, ինչի արդյունքում կնոջը պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք:
Արդեն 2024 թվականին տեղափոխվել և կրկին վարձակալական հիմունքներով բնակություն են հաստատել Երևաում, որտեղ բնակվել են ամուսիններն իրենց երեք երեխայի հետ։
2024 թվականի ապրիլին, չպարզված օրը, ամբողջ գիշեր, Է․ Ա․-ն անտեսելով անչափահաս որդու ներկայությունը, կրկին ծեծի է ենթարկել իրենից նյութական կախվածության, մեջ գտնվող կնոջը, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև դանակով սպառնացել է կտրել պարանոցը, որից հետո վառվող ծխախոտի ծխուկով այրել է պարանոցը, նրան պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Է․ Ա․-ի վերը նկարագրված գործողությունները հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել նաև իր որդուն, որն ուղեկցվել է նրա մոտ բացասական հույզերի ձևավորմամբ, որոնք ներկայում արտահայտվում են լարվածությամբ, միայնակության, օտարվածության, անօգնականության զգացողությունների առկայությամբ, ճնշվածությամբ, ինքնաընկալման վերաբերյալ հակասական հույզերի առկայությամբ, կաշկանդվածությամբ, ընտանիքում առկա իրավիճակով պայմանավորված կոնֆլիկտների կառուցողական լուծման մոդելի բացակայությամբ և հետագայում դրան համապատասխան վարքի հակվածության բարձր ռիսկայնությամբ:
Բացի այդ Է․ Ա․-ն ապօրինի ձեռք է բերել և իր ննջասենյակում պահել է ընդհանուրը խոշոր չափերով՝ 0,03 գրամ քաշով «Տետրահիդրոկանաբինոլներ» տեսակի թմրամիջոց, որը 2024 թվականի ապրիլի 16-ին, հաղորդմանը կից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Է․ Ա․-ի կնոջ կողմից:
Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 10-ին և մակագրվել է դատավոր Ջոն Հայրապետյանին։
Խափանման միջոցներ են ընտրվել՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Է․ Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։
196-րդ հոդվածի 2-րդ մասի 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։
396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը, որը կատարվել է խոշոր չափերով։