Երեխաների նկարները համացանցում հրապարակելու ռիսկերը․ մի շարք դեպքերում պետք է համաձայնություն ստանալ

Մեր օրերում համացանցից ու, մասնավորապես, սոցիալական մեդիայից օգտվելը դարձել է առօրյայի անբաժան մասը։ Սոցիալական մեդիայի հասանելիությունն առավելություններից բացի պարունակում է նաև ռիսկեր։

Այս ուղեցույցում կխոսենք երեխաների նկարները համացանցում հրապարկելու, դրա ռիսկերի ու հրապարակումներ անելիս անվտանգ տեխնիկական միջոցներ կիրառելու մասին։

Ծնողներն այսօր իրենց երեխաների մասին համացանցում հրապարակում են մեծ քանակությամբ տեղեկություն ու լուսանկարներ։ Տվյալներն այնքան շատ են, որ երեխան թվային հետք է թողնում՝ մեկ տարեկան դեռևս չդարձած։

Հետագայում ծնողներին են միանում նաև ուսումնական հաստատությունները՝ մանկապարտեզ, դպրոց, տարբեր խմբակներ՝ իրենց տարատեսակ էջերով:

Հասկանալի է ծնողների մղումը՝ կիսվելու իրենց երջանկությամբ, երեխայի մասին տեղեկություններով, լուսանկարներով, հաջողություններով և այլն, սակայն երբեմն հրապարակվող տեղեկությունը կարող է վնասել երեխային։ ԱՄՆ-ում այս երևույթը ավանել են հատուկ տերմինով՝ «շեյրենթինգ», անգլերեն՝ «Share-կիսվել» և «Parent-ծնող» բառերից։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված ուղեցույցից։

Երեխաների նկարները համացանցում հրապարակելու ռիսկերը

Երեխաների հարցով կոմիսար Աննե Լոնգֆիլդի (Anne Longfield) խոսքով Անգլիայում 2015-2021 թվականներին մինչև 13 տարեկանը երեխայի վերաբերյալ շուրջ 1300 լուսանկար է հրապարակված լինում համացանցում։

Ծնողները երեխաների լուսանկարները հրապարակելիս պետք է հաշվի առնեն երկու հանգամանք․

  • սոցիալական ցանցերն արդեն զգալի տեղ են զբաղեցնում մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, և դա այլևս անհնար է անտեսել։ Այսօր տարածած լուսանկարները կարող են ազդել երեխայի ապագայի վրա՝ խոչընդոտ հանդիսանալով ուսման կամ աշխատանքի հարցում։
  • միշտ պետք է հիշել, որ այն ինչ հրապարակվում է համացանցում, մնում է համացանցում հավերժ։ Սոցիալական ցանցերում «հավանել» և «կիսվել» կոճակները լուսանկարը մեկ ակնթարթում աշխարհի մի մասից մյուսն են ուղարկում։ Ամեն անգամ երեխայի լուսանկարը հրապարակելիս պետք է նկատի ունենալ, որ այն տեսնելու են մարդիկ, որոնց դուք չեք ճանաչում։ Իսկ երբ նկարը հայտնվում է նրանց սարքում, դուք այլևս չեք կարողանա այն ջնջել։

Վտանգը չի վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան մեծանում է։ Սա դեռ նոր երևույթ է, բայց արդեն շատ են կարծիքներն այն մասին, որ ծնողները, ովքեր ոչ միայն լուսանկարներ են հրապարակում, այլ նաև՝ անձնական տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ), իրենք են երեխային նույնականացնող տվյալները փոխանցում խարդախությամբ զբաղվողներին։ Ըստ The New Yorker -ի հետազոտության՝ մինչև 2030 թվականը «շեյրենթինգը» կդառնա այսօրվա երեխաների անձնական տվյալների օգտագործմամբ խարդախության դեպքերի 2/3-ի պատճառը։

Անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու իրավական կողմը

Երեխաները չեն կարող հստակ ու գիտակցված համաձայնություն տալ իրենց լուսանկարների հրապարակմանը։ Այդ պատճառով պետք է մտածել անձնական կյանք ունենալու նրանց իրավունքի մասին. չէ՞ որ նրանք մեծանելու են, ու նրանց մանկության ժամանակ հրապարակված լուսանկարները միջամտելու են նրանց կյանքին արդեն մեծ տարիքում։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները համարվում են կենսաչափական անձնական տվյալներ:
Այս իմաստով մարդու պատկերը/տեսապատկերը համարվում է կենսաչափական անձնական տվյալ:

Երեխան իր իրավունքների ճնշող մեծամասնությունն իրականացնում է օրինական ներկայացուցիչների (ծնող, խնամակալ և այլն) միջոցով: Սակայն օրինական ներկայացուցչի կարգավիճակը բացարձակ ու անվերապահ գերակայություն չունի երեխայի կարգավիճակի նկատմամբ, և օրինական ներկայացուցիչները պարտավոր են հաշվի առնել երեխայի լավագույն շահը, երբ վերջիններս հանդես են գալիս երեխայի անունից: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահը հակասում է նրա օրինական ներկայացուցչի շահերին, նախապատվությունը պետք է տրվի
երեխայի լավագույն շահին:

Ստացե´ք համաձայնություն. քանի որ երեխաները կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների առցանց տարածման
հետևանքները, կարևոր է ստանալ նրանց համաձայնությունը՝ նախքան նրանց  մասին որևէ բան հրապարակելը: Երեխան կարող է այնքան հասուն չլինել՝ գիտակցված համաձայնություն տալու համար, ուստի պետք է նախապես մտածել՝ արդյոք նա հետագայում վատ չի զգա` տեսնելով հրապարակված տեղեկությունը, լուսանկարը կամ տեսանյութն իր մասին։

Պետք է հաշվի առնել, որ բոլորին հասանելի ռեժիմով հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը կարող են ոչ բարի նպատակներով օգտագործվել այլ մարդկանց կողմից, ում դուք բոլորովին անծանոթ եք։ Դրանք կարող են երկարատև թվային հետք թողնել։ Չարամիտ մարդիկ կարող են գողանալ ինքնությունն ու այլ կեղծ հաշիվներ բացել երեխայի անունով։

Երբ երեխաները սկսում են հասկանալ՝ ինչ է սոցիալական մեդիան, հարցրե´ք նրանց՝ արդյոք համաձայն են տեղադրել իրենց լուսանկարները համացանցում: Սա ոչ միայն երեխայի գաղտնիության իրավունքը հարգելու մասին է, այլ նաև նրան սովորեցնում է համացանցային էթիկայի կանոնները: Քննարկե´ք ձեր երեխաների հետ, թե ինչ լուսանկարներ կարելի է հրապարակել և ովքեր կարող են դրանք տեսնել։ Այդպես դուք կսովորեցնեք երեխաներին հասկանալ լուսանկարների հրապարակման հետ կապված վտանգները շատ ավելի վաղ, քան նրանք կունենան իրենց սեփական Facebook, VK, Instagram կամ այլ հաշիվը:

Դպրոցները, մանկապարտեզները, սպորտային խմբակները պետք է ունենան տվյալների օգտագործման իրենց քաղաքականությունը և պետք է թույլտվություն հարցնեն՝ երեխաների նկարները հրապարակելիս։

Եթե լուսանկարում եք ուրիշների երեխաներին, մի´ հրապարակեք լուսանկարները համացանցում՝ առանց նրանց ծնողների համաձայնության: Սպորտային միջոցառման, հանդեսների, դպրոցական միջոցառումների լուսանկարներ հրապարակելիս հարցրե´ք մյուս ծնողներին՝ արդյոք նրանք ցանկանում են, որ իրենց երեխաների մասնակցությամբ լուսանկարները հայտնվեն համացանցում: Օրինակ, եթե ինչ-որ մեկը հրապարակել է ձեր՝ 13 տարեկանը չլրացած երեխայի լուսանկարը Ֆեյսբուքում, դուք իրավունք ունեք պահանջելու, որ լուսանկարը հեռացվի։ Ֆեյսբուքում հնարավոր է գրանցվել միայն 13 տարեկանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել