Քանի՞ օր է տևում հղիության և ծննդաբերության արձակուրդը, և ինչպե՞ս է կատարվում նպաստի վճարումը

Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
Արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել