Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ շատ կարճ է խոսելու։
«Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցություն՝ քննարկելու նպատակով ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում․
1․ժողովրդական շարժումը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, առաջնորդի ժողովրդին և այս պայքարը հասցնի հաղթական ավարտին։ Այն կկոչվի «Ազգային կոմիտե»,
2․մշակել ենք քայլերի գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը։
Խորհրդարանական ընդդիմությունն այդ ծրագրի շրջանակում օգտվելու է ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթացով։ Մեր քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորված ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր։
Բոլորն ասում են՝ ամեն ինչ վերջացել է, ուշ է, ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ, մի՛ կոտրվեք, պետք է շարունակեք պայքարը»,- ասաց Սաղաթելյանը՝ վանկարկելով Արցախ։
Ելույթից հետո քաղաքացիներն արձագանքեցին․ «Կենացներ հերի՛ք է ասեք»։