Հրատապ ահազանգ-դիմում միջազգային հանրության դերակատարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։

Նամակներում, ի լրումն յուրաքանչյուր հասցեատիրոջից Արցախի Հանրապետության ակնկալիքների ներկայացման, նաև անդրադարձ է եղել առկա իրավիճակին։ Նամակների տեքստի հիմնական մասը՝ ստորև.

«Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության և ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում ձևավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Այս վիճակը ձևավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հետևյալ հանցավոր գործողությունների հետևանքով.

• 2022 թ. դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի շուրջ 120,000 բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: Բացի դրանից, Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից:

• Այդ ժամանակվանից մարդկանց ու բեռների հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով տեղի է ունենում բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալով ու որոշակի պարբերական խափանումներով, իսկ Արցախի քաղաքացիների մեքենաների տեղաշարժը լրիվությամբ արգելված է:

• 2023 թ. հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է Հայաստան-Արցախ բարձրավոլտ միակ գծով էլեկտրամատակարարումը՝ այս 185 օրվա ընթացքում անընդմեջ կերպով հարուցելով Արցախում էներգետիկ ու հումանիտար լրջագույն խնդիրների, էլեկտրամատակարարման ամենօրյա վեցժամյա հովհարային անջատումների, էլեկտրականության սպառման ծավալների 48% նվազման և էլեկտրաէներգիայի արտադրության ու մատակարարման տեղական համակարգերի հյուծման: Իսկ ահա 2022 թ. դեկտեմբերի 13-ից պարբերաբար, իսկ մարտի 21-ից գրեթե անընդմեջ կերպով Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ միակ գազամատակարարումը (հանրագումարային 148 օր շարունակ)՝ դրանով խորացնելով էներգետիկ ու հումանիտար ճգնաժամը:

• Ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Լաչինի միջանցքում՝ արդեն պաշտոնապես ու անթաքույց կերպով մեկնարկելով ռազմական, կոշտ ու կամայական հսկողություն բոլոր տեղաշարժերի հանդեպ:

• Հունիսի 15-ից հետևել է Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը Ադրբեջանի կողմից՝ բացարձակապես արգելելով նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից որևէ անձի ու ապրանքի (ներառյալ՝ սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների, վառելիքի) երկկողմանի փոխադրումը:

• Հունիսի 25-ից հուլիսի 10-ը խիստ սահմանափակ ծավալներով վերականգնվել էր միայն Կարմիր խաչի միջոցով հրատապ խնդիրներ ունեցող բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև որոշակի դեղորայքի ներկրումն Արցախ, իսկ հուլիսի 10-ից Կարմիր խաչի տեղաշարժը կրկին արգելափակված է:

• Այս ողջ ընթացքում Ադրբեջանը կիրառել է ուժ և ուժի սպառնալիք Արցախի ժողովրդի հանդեպ՝ էթնիկ ատելության ու ահաբեկչության ակնհայտ դրսևորումներով և էթնիկ զտման անթաքույց նպատակով:

• Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակաբար խոչընդոտվում է շփման գծին հարակից շուրջ 10,000 հեկտար հողերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը, որը կազմում է մշակված ընդհանուր հողատարածքների զգալի մասը:

• Հատկապես հունիսի 15-ից բոլոր հումանիտար մատակարարումների կասեցման և բացառապես ներքին պաշարների օգտագործման հետևանքով օրեցօր սրվում է հումանիտար վիճակը, մասնավորապես՝

• Առկա է սննդի վատթարացող սղություն և դա այն դեպքում, որ շրջափակումից առաջ օգտագործվող բոլոր պարենատեսակների շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից.

• Վառելիքի և անհրաժեշտ այլ միջոցների խորացող սղության պատճառով չի իրականացվել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների շուրջ 70 տոկոսը, իսկ տնտեսության այլ ճյուղերում՝ ավելին.

• Նույն պատճառով հանրային տրանսպորտի ներքին տեղաշարժը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ մասնավոր տրանսպորտի պարագայում՝ գրեթե ամբողջությամբ.

• Դեղորայքի, բժշկական ու հիգիենայի պարագաների աճող պակասը և բուժառուներին Հայաստան տեղափոխելու արգելքը ահագնացող վտանգներ են հարուցում մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ.

• Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումների ու վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ ու խափանումներով են գործում բժշկական սարքավորումները՝ հանգեցնելով մատուցվող ծառայությունների ծավալների ու որակի լրացուցիչ նվազման.

• Անհրաժեշտ մթերքների և վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2,000 հղիները և շուրջ 30,000 երեխաները ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում.

Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումները և վառելիքի ու այլ անհրաժեշտ պարագաների սղությունը լրջագույն խափանումների պատճառ են դառնում բազմաթիվ բնակավայրերի ջրամատակարարման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների գործունեության մեջ.

Շրջափակման և էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների խափանման պատճառով շուրջ 12,000 անձ դարձել է գործազուրկ ու զրկվել եկամտի աղբյուրից, ինչը մասնավոր հատվածում փաստացի աշխատող անձանց ավելի քան 60 տոկոսն է:

Արցախի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու միջանկյալ նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող նախապատրաստում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ադրբեջանն այսպիսի քայլերով միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի կյանքի համար անտանելի պայմաններ՝ նպատակ ունենալով հասնել Արցախի հայաթափմանը և Արցախի ժողովրդի ոչնչացմանը որպես այդպիսին։

Նշված և բազմաթիվ այլ անվտանգային ու հումանիտար հիմնախնդիրներն ահագնացող սպառնալիքներ են ներկայացնում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության համար: Առկա իրավիճակը պայթյունավտանգ է և հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար:

Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի կատարում և շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանները, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն ու հորդորները: Ավելին, միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել