Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքելով Իրանում տեղի ունեցած իրադարձություններին, գրում է.
«Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։
Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազամաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի վրա հարձակման մասին, որը զգաստացնող է, բայց ոչ երբեք խուճապի հանգեցնող։
Ընդ որում, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։
Իրանցիներն ընդհանրապես պատրանքներ չունեն իբր «հավերժական խաղաղության» մասին և, Ք. ա. 7-րդ դարից ունենալով կայսերական պետականության ավանդույթ ու փորձառություն, շատ լավ գիտեն Առաջավոր Ասիայում ապրելու և զարգանալու բանաձևը, որը ենթադրում է փաստացիորեն «հավերժական պատերազամին» պատրաստ լինել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սպահան նահանգում, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ները։
Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հարձակումը ձախողվել է․ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել»։