Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։
Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով շուրջ 1 ամիս շրջափակված Արցախի խնդրի մասին։
Պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է, որ եթե որոշակի ժամկետներում Լաչինի միջանցքը չբացվի, ապա Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ նշեց․ «Ես չեմ կարծում, որ մենք մեր գործընկերների հետ վերջնագրով պետք է խոսենք։ Այն՝ ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված՝ արդեն հրապարակայնացվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչ մի բան չկա։ Հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»,-նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ իր գնահատմամբ, այն՝ ինչ տեղի է ունենում Արցախում՝ ժողովրդին սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։
Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինչ միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վրա։ «Եթե ուշադրություն եք դարձրել՝ եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Եվ մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում