Հացկերույթն ավարտվել է դանակահարությամբ․ ոստիկանություն

Հունվարի 6-ին, ժամը 22.55-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վիրավորում, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի անտառում ընկել է:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Նոր Նորքի և Մարտունու բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի «Դեմեր» կոչվող տարածքում Երանոս և Վարդաձոր գյուղերի բնակիչ մի խումբ երիտասարդներ հացկերույթի են եղել: Այդ ընթացքում էլ միջանձնային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել 22-ամյա վարդաձորցու և 31-ամյա երանոսցու միջև, և 22-ամյա վարդաձորցին դանակահարել է 31-ամյա երանոսցուն:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: Քննչական բաժին են ներկայացվել նաև դեպքի մասնակիցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել