Էրիկ Ալեքսանյանից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություն․ փաստաբան

Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ, նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող: Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով:

Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության:

Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմնինների կողմից:

Հուսով եմ շուտով նշված իրավիճակը կշտկվի ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո»,-նշում է փաստաբանը:

—————————

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:

Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին.  Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):

Հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։

Էրիկ Ալեքսանյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել