Նիստերի դահլիճից հեռացումը

Քաղաքացիական դատավարությունում դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:

Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել