Գործարարի և վստահություն ներշնչող անձի այցեքարտը պետք է լինի…

Այցեքարտի գործնական նշանակությունն այն է, որ այն տեղեկություններ է տալիս տիրոջ անվան, ազգանվան, պաշտոնի, աշխատավայրի, բնակավայրի, հեռախոսահամարի մասին: Անհրաժեշտ է իմանալ, որ ծանոթության ժամանակ այցեքարտերը փոխանակվում են այն դեպքում, երբ հետագա փոխհարաբերություններ են ակնկալվում:

Այցեքարտ կազմելու կանոնները խստորեն պահպանվում են դիվանագետների կողմից: Գործարար ոլորտում այցեքարտին ներկայացվող պահանջներն ավելի մեղմ են: Ամեն դեպքում հարգի են դասական ձև ունեցող այցեքարտերը, որոնք կազմվում են հետևյալ կերպ. այցեքարտի վերևում նշվում է այն կազմակերպության, հիմնարկության անունը, որտեղ աշխատում է այցեքարտի տերը: Եթե վերջինս աշխատում է մի քանի կազմակերպություններում, նշվում է դրանցից գլխավորը: Դրանից ներքև, կենտրոնում գրվում են ազգանունը, անունը և հայրանունը, ավելի ներքև՝ պաշտոնը, իսկ ամենաներքևում՝ աշխատավայրի և բնակավայրի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն:

Դասական այցեքարտը պետք է կազմված լինի որակյալ, հաստ, սպիտակ ստվարաթղթից՝ վրան գրված սև տառերով: Դասական այցեքարտը պետք է լինի 5×9 սմ: Պաշտոն չունեցող կանանց այցեքարտն ավելի փոքր է լինում ՝ 4×8 սմ: Բարձրաստիճան պաշտոնյա տղամարդկանց այցեքարտերը կարող են ավելի մեծ լինել՝ 6×10սմ:

Մեծ Բրիտանիայում ընդհակառակը, կանանց այցեքարտերն ավելի մեծ են, քան տղամարդկանցը: Դասական այցեքարտի վրա գունավորում կարող է ունենալ միայն վերևի ձախ անկյունում տեղավորված խորհրդանիշը (զինանշան, կազմակերպության խորհրդանիշ և այլն):

Ցանկացած ձևի, գույնի այցեքարտ կարող են ունենալ արվեստի ներկայացուցիչները, նկարիչները, գիտնականները:

Վերջին ժամանակներս մեծ տարածում են ստացել երկկողմանի այցեքարտերը՝ գրված մի կողմում հայերեն, մյուս կողմում՝ ռուսերեն կամ այլ օտար լեզուներով: Սակայն դա հակասում է այցեքարտի կանոններին. այցեքարտի մի կողմը պետք է մաքուր մնա՝ նշումների համար: Այդ պատճառով խորհուրդ է տրվում պատվիրել առանձին այցեքարտեր՝ տարբեր լեզուներով: Օտար լեզուներով այցեքարտի վրա նշվում են միայն անունն ու ազգանունը, քանի որ հայրանունը արտասահմանում դեր չի խաղում: Ռուսերենով այցեքարտի վրա պետք է գրել նաև հայրանունը, քանի որ ռուսերենում ընդունված է անուն-հայրանունով դիմելաձևը:

Այցեքարտերը փոխանակվում են ծանոթության ժամանակ, գործածվում են շնորհավորանք կամ ցավակցություն հայտնելու համար: Դրանք կարելի է ուղարկել ծաղիկների և նվերների հետ՝ հակառակ կողմում նշելով բարեմաղթանքներ: Որոշ դեպքերում այցեքարտը կարող է ծառայել որպես երաշխավորագիր: Օրինակ, երբ գործարար մարդը ժամանակ չունի երաշխավորական նամակ կազմելու, կարող է փոխանցել իր այցեքարտը՝ մյուս կողմում գրելով այն մարդու անունը, ում երաշխավորում է:

Շատ երկրներում ընդունված են որոշակի հապավումներ, որոնք գրվում են (ձեռագրով) այցեքարտի ստորին ձախ անկյունում: Այդպիսի այցեքարտեր ուղարկում են տարբեր առիթներով:

Երբ այցեքարտի տերը նոր պաշտոն է ստանձնում, պետք է պատվիրի նոր այցեքարտ: Հարգի չէ այցեքարտի վրա գրիչով գրել նոր պաշտոնը:

Ընդունելով որևէ մեկի այցեքարտը, հարգի չէ դրա վրա նշումներ անել, շուռումուռ տալ, ծռմռել տիրոջ ներկայությամբ:

Ընդունված կանոն է, որ ծանոթանալիս առաջինն իր այցեքարտը թողնում է հասարակական ավելի ցածր դիրք ունեցող անձը: Հասարակական միևնույն դիրքն ունեցող մարդկանց ծանոթության ժամանակ առաջինն իր այցեքարտը թողնում է նրանցից կրտսերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել