Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
Բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի: Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնի վաճառքի դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները և պարտականությունները:
Պետք է նաև իմանալ, որ բաժինը գնելու նախապատվության իրավունքը չի կարող զիջվել, իսկ այս կանոնները կիրառվում են նաև բաժինը փոխանակության պայմանագրով օտարելիս: