Նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.
1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն:
Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ):
Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտւ տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:
«Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են վերը նշված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր»,-Իրավաբան.նեթ-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Հանրային ծառայությունների համարանիշը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:
Ծանոթություն. Հանրային ծառայությունների համարանիշը փոխարինում է սոցիալական քարտին: