Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության առաքելությանը միանալու մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ցանկությունը, կոչ է անում կարևոր այդ գործընթացն իրականացնել խիստ կանոնակարգված կերպով։
Մասնավորապես, արդեն իսկ գրանցվում են դեպքեր, երբ կամավորականներն առաջնագիծ են մեկնում առանց համապատասպան զինվորական կառույցների հետ իրենց գործողությունները համակարգելու, ինչը կարող է խնդիր առաջացնել բուն մարտական գործողությունների արդյունավետ կազմակերպման գործում։
Պաշտպանության նախարարությունը բոլոր՝ այդ թվում պահեստազորում չհաշվառված, բայց կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին համոզիչ կերպով խնդրում է զերծ մնալ չհամակարգված գործողություններից, ցուցակագրվելու, առաջնագիծ մեկնելու և մնացած բոլոր հաջորդական քայլերը համաձայնեցնել տարածքային զինվորական կոմիսարիատների հետ։ Համակարգված և միասնական գործողություններն են, որ տրամաբանական ավարտին են հասցնելու հաղթական պատերազմը։